21/07/2020 13:13
Հայաստանն ու Արցախն ունեն պաշտպանվելու կարողություն, սակայն պատերազմը պետք է ամբողջությամբ բացառվի. ԱԳ նախարար
Հայաստանը լիովին հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, «France 24» լրատվամիջոջին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակում ո՞վ է պատասխանատու։ Ես ենթադրում եմ, որ Դուք մատնանշում եք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով մի քանի շաբաթ առաջ հանրայնորեն հայտարարեց, որ խնդրի խաղաղ կարգավորման ջանքերը ոչ մի տեղ չեն տանում, կամ կարծում եք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարող է լինել այս ամենի իրական պատճառը» , - հարցին ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է.
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանը լիովին հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Պատերազմը տարբերակ չէ։ Պատերազմն իսկական աղետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Հայաստանն ու Արցախն ունեն պաշտպանվելու կարողություն։ Սակայն պատերազմը պետք է ամբողջությամբ բացառվի։ Մենք լիովին հանձնառու ենք հարցի խաղաղ կարգավորմանն այնպիսի մոտեցմամբ, որ Հայաստանի, Արցախի, ինչպես նաև Ադրբեջանի շահերը հավասարապես կհասցեագրվեն: Մենք աշխատում ենք փոխզիջման վրա հիմնված լուծման ուղղությամբ և շարունակելու ենք ջանքեր ներդնել խաղաղ կարգավորման համար: Սա եղել և մնում է Հայաստանի հանձնառությունը:
Ինչ վերաբերում է Թուրքիային, կրկին, սա շատ մտահոգիչ է, քանի որ մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին իր հարևանությունում՝ Արևելյան Միջերկրական, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք: Այժմ մենք ականատես ենք լինում անկայունության այս գործոնը մեր տարածաշրջան՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձին: Այս փորձը նաև ներկայացվում է Հարավային Կովկասում Թուրքիայի «պատմական առաքելության» լույսի ներքո: Այժմ դուք հասկանում եք, որ նման «պատմական առաքելությունը» Հայաստանի մոտ արթնացնում է վերջին դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության տխուր հիշողություններ, և իհարկե, մենք խիստ մտահոգված ենք այդ առնչությամբ: Մենք նաև ականատես ենք լինում, որ հայերի դեմ իրականացված այդ ոճրագործության անպատժելիությունն է հիմք տալիս Թուրքիային հստակորեն պնդելու Հարավային Կովկասում որևէ դերակատարության վրա»։
Հարցին, թե արդյոք կա՞ մտահոգություն, որ Թուրքիան կարող է ավելի անմիջական դեր խաղալ Ադրբեջանի հետ հակամարտության հարցում, ներառյալ ռազմական ճանապարհով, Զոհրաբ Մնցականյանը պատասխանել է.
«Այս հարցում Թուրքիան որևէ դերակատարում չունի: Խաղաղ կարգավորումը վերաբերում է Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, և Արցախի հետ միասին մենք շատ կառուցողական ձևով կշարունակենք սերտ համագործակցել Ադրբեջանի հետ լուծում գտնելու ուղղությամբ: Մենք պետք է աշխատենք հրադադարի կայուն ամրապնդման ուղղությամբ, մենք պետք է Ադրբեջանից լսենք ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման մերժում: Մենք պետք է աշխատենք այնպիսի միջավայրի վրա, որը նպաստում է բանակցություններում առաջընթացին:
Մենք պետք է աշխատենք պարտավորությունների այնպիսի հավասարակշռության ուղղությամբ, որը կնպաստի համաչափ փոխզիջման հասնելուն, պետք է լինի փոխզիջման վրա հիմնված լուծում, որին Ադրբեջանի առավելապաշտական կեցվածքը չի նպաստում: Ուստի, մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Մենք բարձր ենք գնահատում համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դերը, և նրանց շատ կայուն ներդրումը, հանձնառությունն ու ներգրավվածությունը: Այս ձևաչափի շրջանակներում մենք կշարունակենք աշխատել խաղաղության ուղղությամբ»։