21/07/2020 20:07
Տավուշյան դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի համար թիվ մեկ առաջնահերթությունն անվտանգությունն է. Արթուր Վանեցյան (168.am)
Իրեն հնազանդ ԱԱԾ ունենալու համար Նիկոլ Փաշինյանը քանդեց տարիներով կայացած համակարգը, ստեղծեց մի իրավիճակ, երբ ոլորտի պրոֆեսիոնալներն ու կենսագրություն ունեցող սպաները սկսեցին լքել այն, դրա համար էլ ունենք այս պատկերը, 168.am-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Անշուշտ, ԱԱԾ-ում այսօր էլ շատ պրոֆեսիոնալ կադրեր կան, բոլորն իմ նախկին կոլեգաներն ու ներկայիս ընկերներն են և իրենց ուսերին են պահում համակարգը, բայց երբ առողջ ու գործող օրգանիզմին օտար ու պրոցեսներից անտեղյակ «գլուխ են փոխպատվաստում», միշտ այսպես է լինում՝ հատկապես այնպիսի փակ ու հիերարխիկ համակարգերի դեպքում, ինչպիսին ԱԱԾ-ն է», - նշել է նա։
Ըստ Վանեցյանի՝ տավուշյան դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի համար թիվ մեկ առաջնահերթությունն անվտանգությունն է, և այդ ուղղությամբ հսկայական աշխատանք ունենք անելու։
«Ուզում եմ շեշտել, որ անվտանգության գաղափարը չի սահմանափակվում միայն զինված ուժերի մարտունակությամբ։ Ազգային անվտանգությունն ապահովվում է մի շարք ուղղություններով գրագետ, նպատակային, մշտական և հետևողական աշխատանքով։ Այս հարցերում մենք սխալվելու իրավունք չունենք։ Եվ դաշնակիցների հետ անկեղծ և վստահելի հարաբերություններն ամենակարևոր գործոններից մեկն է։ Եվ ես, ցավոք, տեսում եմ, որ այս ու մի շարք այլ ուղղություններով թույլ են տրված սխալներ։ Չի կարելի անվտանգության ապահովման ողջ ծանրաբեռնվածությունը թողնել միայն բանակի վրա։ Երբ իշխանությունն աշխատանքի մյուս ուղղություններում ունենում է սխալներ, ապա բանակի վրա ծանրաբեռնվածությունն էապես մեծանում է», - ասել է ԱԱԾ նախկին տնօրենը։