28/07/2020 12:53
Շարժման առաջին վայրկյանից այստեղ եմ, և ոչ մի քաղաքական երանգ չկա. ՔՊ անդամն արձագանքում է Արայիկ Հարությունյանին
ԿԳՄՍ նախարարության դիմաց, ինչպես նախորդ օրերին, այսօր ևս շարունակվում է բուհեր չընդունված դիմորդների և նրանց ծնողների բողոքի ակցիան։
Արձագանքելով նախարարի դիտարկմանը, թե այս ակցիան արդեն քաղաքական աստառ է ստանում և դրա հետևում կանգնած են քաղաքական ուժեր՝ ծնողներից մեկն ասաց.
«Եթե որևէ մեկը իր ոլորտում լիարժեք վստահ է, որ ինքը ճիշտ է, երբեք շահարկումների հետևից չի ընկնում։ Երկու անգամ երեկ պահանջել ենք ընդունելություն, երկու անգամ էլ մերժեց, չուզեց հանդիպել, քանի որ նա մեր ներկայությամբ չէր կարող հիմնավորել այն, ինչն ասում է՝ Պետրոսի հյուրը լինելով»։
Ծնողն ասաց, թե արդեն որերորդ անգամ է հերքում, որ իրենց պահանջում կարող է քաղաքական մոտիվ գոյություն ունենալ։
Ակցիայի մասնակիցներից մեկը՝ Խաչատուր Նազարեյանը, հայտարարեց, որ 2016 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
«Այս շարժման առաջին վայրկյանից այստեղ եմ և ոչ մի անգամ քաղաքական բան այստեղ չի եղել, սա զուտ երեխաների քաղաքացիական պահանջն է», - ասաց ՔՊ անդամը։
Դիմորդներն իրենց նախաձեռնությամբ նախարարին Աստվածաշունչ և խաչ են նվեր բերել։
Նախարարի խորհրդականը մոտեցավ դիմորդներին՝ վերցնելու նվերը՝ ասելով, որ նախարարն ընդունում է նվերը։