29/07/2020 15:11
Բուհեր չընդունված դիմորդները երկու հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան
Բուհեր չընդունված դիմորդների և նրանց ծնողների փաստաբանական խումբը վարչական դատարան է մուտքագրել երկու հայցադիմում։
«Դրանցից մեկով պահանջում ենք կառավարության որոշումը ճանաչել անվավեր, որը կիրառվել է դիմորդների նկատմամբ», - լրագրողներին ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նա նշեց՝ այդ առաջին հայցով չի լուծվում դիմորդների խնդիրը, պարզապես այդպիսով ցանկանում են ՀՀ կառավարությանը ցույց տալ, որ դիմորդների պայքարն արդար է և նրանց նկատմամբ կիրառվել է ոչ իրավաչափ որոշում։
«Երկրորդ հայցով պահանջում ենք արդեն անհատական մակարդակում դիմորդների նկատմամբ կարգի կիրառումը ճանաչել անվավեր և ռեաբիլիտացնել նրանց», - ասաց փաստաբանը։
Կոչուբաևի խոսքով՝ շուրջ 100 դիմորդ կամ դիմորդի ծնող իրեն լիազորագիր է տրամադրել դատարան դիմելու համար։