30/07/2020 12:20
Մանկատան սաները պետք է փակուղու մեջ չհայտնվեն. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց լուծել մանկատան սաների բնակարանային խնդիրը։
Բնակարանի գնման վկայագրեր են տրամադրվում 1991թ-ից առ 2019թ. ներառյալ ՀՀ պետական մանկատներից 18 տարեկանը լրանալու կապակցությամբ դուրս գրված ՀՀ քաղաքացի հանդիսացող այն շրջանավարտներին, որոնք չունեն սեփականության իրավունքով բնակտարածություն և բնակտարածություն չեն օտարել դիմելու պահին նախորդած 5 տարիների ընթացքում:
Նախնական գնահատումով նման շրջանավարտների թվաքանակը կազմում էր շուրջ 300: Արդեն իսկ 133 շրջանավարտի համար որոշումը կայացված է, նրանք ստացել են ԲԳՎ-ները, ընդ որում շուրջ 50-ն արդեն ձեռք է բերել նաև բնակարաններ:
Որոշման ուժի մեջ մտնելուց հետո ավելի քան 130 դիմողի մերժվել է ԲԳՎ-ի տրամադրումը տարբեր պատճառներով:
Կառավարության այս որոշմամբ՝ 1991 թվականից առ 2019թ. ներառյալ ամբողջ ժամանակահատվածում ՀՀ մանկատներում խնամված, ինչ-ինչ պատճառներով որոշման պահանջներին ֆորմալ չբավարարող տվյալներ ունեցող, բայց իրենց իրավիճակով ԲԳՎ-ի կարիք ունեցող անձանց բնակարանի խնդիրը կլուծվի։
Որոշման նախագծով առաջարկվում է ԲԳՎ տրամադրել նրանցից ընդամենը 24-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե մանկատան սաների առաջ իրենց ունեցած ամենամեծ պարտավորությունը պետք է լինի կրթական պարտավորությունը։
«Մանկատան սաները պետք է ստանան այնպիսի կրթություն, որ հետագա կյանքում ապահովվի նրանց սեփական բարեկեցությունը աշխատանքով կառուցելու հնարավորությունը, ու մարդիկ փակուղու մեջ չհայտնվեն», - ասաց նա։