31/07/2020 10:06
«Իրատես». Ոչ թե առանձին պաշտոնյաների, այլ Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի գործունեության հարցն է վերանայման ենթակա
«Իրատես» թերթը գրում է.
«Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի 10 պաշտոնյա միանգամից ազատվել է աշխատանքից: Որոշումը երեկ ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պատճառը, ըստ «Իրատեսի» տեղեկությունների, Սփյուռքի հայկական համայնքներում ադրբեջանցիների հետ գրանցված միջադեպերն են, մասնավորապես՝ հակածիրանային «օպերացիան»:
«Վարչապետը դժգոհել է վարչության պետերից, որ Ռուսաստանի մեծ քաղաքներում չեն կարողացել լուծել ծիրանի և հայկական միրգ-բանջարեղենի իրացման խնդիրը: Կառավարության վերին օղակները թեև չեն արտահայտվում, բայց ներքին քննարկումների ժամանակ դժգոհել են՝ հարցն ինչո՞ւ պետք է հայ գործարարների միջամտությամբ լուծվեր, որտե՞ղ էին գերատեսչության այն պաշտոնյաները, որ ի պաշտոնե լիազորված են հենց նմանատիպ հարցեր լուծելու համար», - ասաց իշխանական վերնախավին մոտ կանգնած մեր զրուցակիցը:
Թե որքանով է նպատակահարմար այդ պաշտոնյաներին «տուն ուղարկելը», ու նրանց փոխարինողներն ի՞նչ աշխատանք են անելու, ժամանակը ցույց կտա: Փաստ է, սակայն, որ այդ գրասենյակն իր գործունեությամբ առհասարակ տեսանելի աշխատանք գրեթե չի կատարում:
Հետևաբար, ոչ թե առանձին պաշտոնյաների, այլ գրասենյակի գործունեության հարցն է վերանայման ենթակա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: