31/07/2020 21:19
Ես 2 անգամ մերժել եմ իմ թեկնածության առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնում. Գոռ Հովհաննիսյան. News.am
ՀՀ նախագահի աշխատակազմը մի քանի օր օր առաջ դիմել է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանին՝ իր թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գոռ Հովհաննիսյանը։
«Հանրապետության նախագահի աշխատակազմից ինձ մի քանի օր առաջ երկու անգամ հարցրին, թե նախագահը կարո՞ղ է նորից քննարկել իմ թեկնածությունն առաջադրելու հարցը։ Ես երկու անգամ մերժել եմ իմ թեկնածության առաջադրումը, որովհետև երեք դատավորների պաշտոնավարման դադարեցումը համարում եմ հակասահմանադրական, ուստի չեմ կարող ինձ թույլ տալ առաջադրվել հակասահմանադրական եղանակով թափուր մնացած տեղի համար», – ասել է նա։
Կայքը հիշեցնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը 2019թ. առաջադրել էր իրավագիտության դոկտոր, Գերմանիայում ապրող ու աշխատող Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը ՍԴ անդամի պաշտոնում, սակայն ԱԺ–ում Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժվել էր:
Կառավարությունն արդեն ներկայացրել է ՍԴ դատավորի իր թեկնածուին՝ Վահրամ Ավետիսյանին։ Նրա հետ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները երեկ հանդիպում են ունեցել։
ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը, թեկնածուներին պետք է ընտրի ԱԺ-ն՝ 3/5-րդ ձայներով:
ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն են առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը։