01/08/2020 12:01
Կարծես Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը. Զոհրաբ Մնացականյան
Կարծես Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, այս մասին «Հեռանկար» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Բարդույթ ունի ընկալելու այն լրջագույն սպառնալիքները, որոնց բախվում է Արցախի ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, այն իրական սպառնալիքը, որը վերաբերում է մեր տարածաշրջանի անվտանգությանը և բարդույթ ունի՝ տարանջատելու հակամարտությունները և գնահատելու հակամարտությունները՝ ըստ իրենց արժանիքի, էության, պատմության: Այդ առումով է, որ մենք այստեղ ունենք անհամաձայնություն», - ասել է նա։
Նախարարը նշել է, որ Հայաստանը երկու տարվա ընթացքում շատ հետևողականորեն աշխատում է Ուկրաինայի հետ այդ առումով։
«Քանի որ Ուկրաինայի բարեկամ ժողովրդի հետ մենք որևէ բարդույթ, որևէ խնդիր չունենք և շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ, հասցնել մեր ազդակները և պատգամները: Մենք համբերատար ենք և շարունակելու ենք դա անել: Բայց շարունակելու ենք անընդունելի համարել դիրքորոշումներ, որոնք կտրված են իրողությունից, որոնք հիմնված են այդ համընդհանուր մոտեցումների վրա: Սա ո՛չ տարածաշրջանին, ո՛չ իրենց, ո՛չ մեզ որևէ օգուտ չի բերում», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը։