01/08/2020 13:52
Սևանա լճում այս ժամանակահատվածը մարդու առողջության համար կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. Վահագն Վարագյան (Տեսանյութ)
Այս պահին Սևանում տարբեր հաշվարկներով, ասում են, որ կա մոտ 600 տոննա ձկնային պաշար, լրագրողների հետ զրույցում ասաց «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության նախագահ Վահագն Վարագյանը:
«Խեցգետնի պաշար գրեթե չկա, չնչին քանակությամբ են: Խնդիրը ո՞րն է. մեր սոցիալական խնդիրները հաղթահարելու համար այս փուլում որոշում է կայացվել , որպեսզի ևս 200 տոննայի չափով արդյունագործական նպատակով թույլատրվի ձկնորսությունը, որը փաստացի կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ գիտենք՝ ձկներն են հիմնականում օրգանական նյութերի սպառողները», - ասաց նա։
Վահագն Վարագյանը նշեց, թե այս որոշումը բերելու է անկանխատեսելի հետևանքների։
Պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ Վարագյանն ընդգծեց, որ իրենք դեռևս տասը-տասնհինգ օր առաջ բարձրաձայնել են, որ Սևանա լճում այս ժամանակահատվածը մարդու առողջության համար կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։
«Կարող է քրոնիկ հիվանդությունների պատճառ հանդիսանալ, կարող է նյարդային համակարգի վրա տարբեր ազդեցություն ունենալ , կարող է մաշկային հիվանդությունների պատճառ լինել», - ասաց նա։
Նշենք, որ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը իրականացնելու է Սևանա լճի ափամերձ հատվածների հանրային էքսպեդիցիա։