03/08/2020 12:57
Բագրատյանն այն պատգամավորներից էր, ով առանց ընդվզման, համաձայնել է քաղաքական ղեկավարության բոլոր որոշումներին. Գևորգ Պետրոսյան
Սերգեյ Բագրատյանի հարցը խմբակցությունում չենք քննարկել, իսկ ցուցակի հաջորդ համարի վերաբերյալ քննարկում կարող է լինել միայն այն դեպքում, երբ վերջինս մանդատը վայր դնի: Բայց քանի որ Բագրատյանը մանդատը վայր չի դնում, և նրա տեղը չի ազատվում, բնականաբար, նման քննարկում չի կարող լինել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Ես այս ընթացքում Սերգեյ Բագրատյանի հետ չեմ հանդիպել, խմբակցությունից դուրս գալու նրա որոշման շուրջ չենք զրուցել: Եթե չեմ սխալվում, խմբակցությունից ոչ ոք նրան չի հանդիպել, այդ թվում՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը», - ասաց մեր զրուցակիցը:
Հարցին՝ զուտ բարոյական տեսանկյունից ինչպե՞ս է գնահատում Բագրատյանի քայլը, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց՝ յուրաքանչյուր մարդ ինքն է կրում իր գործողությունների պատասխանատվությունը:
«Չեմ կարող ասել՝ նրա համար սա որքանով է բարոյական, որքանով՝ ոչ: Բայց եթե մի մարդ Ազգային ժողովում հայտնվում է ոչ իր ջանքերով, ուրեմն ճիշտ է, որ նման իրավիճակներում մանդատը վայր դնի, ոչ թե հայտնվի այլ ճամբարում կամ համագործացի այլ ուժերի հետ: Դա իր խնդիրն է:
Իհարկե, ցանկացած պատգամավորի իրավունքն է լքել խմակցությունը՝ ընդ որում առանց պատճառաբանության, բայց բարոյական իմաստով նա պարտավոր է պատճառաբանել: Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում հայտնվել է ԲՀԿ-ի կազմում և թիմից առանց լուրջ պատճառաբանության հեռանալը հարգանքի բացակայության նշան է», - ասաց Պետրոսյանը:
Պատգամավորի խոսքով, ամենևին համոզիչ չէր իր նախկին գործընկերոջ ֆեյսբուքյան գրառումը, թե իբր իր քաղաքական դիրքորոշումն էականորեն տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի որոշումների բովանդակությունից, ինչն է հեռանալու որոշման պատճառ է դարձել:
«Ոչ մի տարաձայնություն էլ չի եղել: Նա այն պատգամավորներից էր, ով առանց որևէ ընդվզման համաձայնել է քաղաքական ղեկավարության բոլոր որոշումներին: Սերգեյ Բագրատյանն առաջինն է ձեռք բարձրացրել՝ երբեմն նաև շատ կասկածելի հանգամանքներում, որովհետև, երբ առանձին քննարկումներում նա եղել է այլ կարծիքի, բայց քաղխորհրդի ամբողջ կազմով քնարկման ժամանակ այլ բան է ասվել, նա անմիջապես ձեռք է բարձրացրել:
Ավելի ազնիվ կլիներ, եթե Բագրատյանը հայտարարեր, որ կան խմբակցությունը լքելու այլ պատճառներ կամ պարզապես ասել, որ այլևս չի ցանկանում համագործակցել ԲՀԿ-ի հետ: Բայց անհիմն պատճառներ բերելն ուղղակի ամոթալի է քաղաքական գործչի համար: Նման թեթևամիտ հայտարարություն հեղինակելն ուղղակի պատգամավորի համար պատվաբեր չէ: Իսկ ԲՀԿ-ն առանց նրա էլ հաստատ շարունակելու է շարժվել առաջ», - ամփոփեց Գևորգ Պետրոսյանը: