03/08/2020 13:26
Արաբկիրում շուրջ 250 տնատիրությունների համար նոր կոյուղագիծ է կառուցվում
Արաբկիր վարչական շրջանի առանձնատներով կառուցապատված երեք փողոցներում կոյուղու նոր ցանց է անցկացվում: Ծրագրի ավարտին կլուծվի շուրջ 250 տնատիրությունների տասնամյակների խնդիրը:
«Այժմ այստեղ գործող կոյուղու շահագործումը գրեթե հակացուցված է: Դրա համար մենք ծրագիրը մեկնարկեցինք հենց այստեղից: 800 գծամետր է երկարությունը, 57 մլն դրամ ֆինանսավորմամբ: Բավականին բարդ տեղանք է»,- նշում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
Կոյուղատար ցանցի վերակառուցումն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով: Տարեկան ծրագրով մյուս վարչական շրջաններում ևս ընտրվել են ամենախնդրահարույց հասցեները:
«Պատկերացրեք, թե ինչ ծավալի աշխատանքներ ենք փորձում սկսել, որոնք շատ մարդկանց համար տեսանելի չեն, բայց մնայուն են, հիմնարար և, առնվազն, 30 տարի այս փողոցների տնատիրությունների սեփականատերերը կարող են անհոգ լինել, որ այս հիմնախնդիրը մեկընդմիշտ փակվելու է իրենց համար»,- ասում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:
«Շարունակություն ունի ծրագիրը մայրաքաղաքում. այս պահին հայտարարված է ևս 7 հասցեների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներ: Ցավոք, պետք է նշեմ, որ այս ծրագիրն ամբողջ քաղաքով մեկ մեկնարկած կլիներ, եթե չլինեին օրինազանց հայտատուներ, որոնք կեղծ փաստաթղթերով հայտնվեցին մրցույթներին և ձախողեցին ամբողջ տարվա ծրագիրն այս ոլորտում»,- նշում է Կամո Արեյանը: