03/08/2020 13:50
Նորքի այգիները կառուցապատման նպատակով օտարելը Երևանի համար հակաէկոլոգիական հերթական որոշումը կլինի. Բնապահպան
Եթե Նորքի այգիների օտարման նպատակը շենքերի կամ շինությունների կառուցապատումն է՝ կանաչ տարածքները վերացնելու հաշվին, ապա սա Երևանի համար հերթական սխալ որոշումն է: Սա ուղղակի հակաէկոլոգիական որոշում կլինի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն ավելի վաղ բոլոր սուբյեկտներին հրավիրել էր մասնակցելու Նորքի այգիներ 180 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի օտարման մրցույթին: Մրցույթը կայանալու է օգոստոսի 11-ին:
«Մյուս կողմից՝ նայած, թե ինչ պայմանով է տարածքը վաճառքի հանվում: Եթե այն պայմանով, որ տարածքը մնա կանաչ հանգստյան գոտի, դա նորմալ է: Սակայն, ցավոք, օտարման գործընթացի մանրամասներին տեղյակ չեմ: Հարցը բնապահպանական շրջանակների հետ չի քննարկվել: Իհարկե, սրանում նաև կարանտինի մեղքի բաժինը կա, բայց բնապահպանական որևէ հարցի շուրջ որևէ քննարկում վերջին շրջանում չի լինում:
Բայց ես համոզած եմ, որ Նորքի այգիների վաճառքը բացառապես կանաչ տարածքները պահպանելու և զարգացնելու պայմանով պետք է իրականացվի: Այդ դեպքում հանգստի գոտու միջոցով կարելի է նաև գումար վաստակել», - նշեց բնապահպանը: