04/08/2020 14:46
Նախագահականից չեն պարզաբանում՝ ինչով է պայմանավորված ՍԴ մասին օրենքը չստորագրելու ՀՀ նախագահի որոշումը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել էր, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու:
Aysor.am-ի գրավոր հարցմանը, թե ինչո՞վ է պայմանավորված ՍԴ մասին օրենքը չստորագրելու ՀՀ նախագահի որոշումը, նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են.
««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների փաթեթը Հանրապետության նախագահի կողմից չստորագրելու վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններ չունենք»։
Հիշեցնենք, որ հունիսի 23–ին ՀՀ նախագահը ստորագրել է Սահմանադրական փոփոխությունների աղմկահարույց օրենքների փաթեթները, այդ թվում՝ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։