04/08/2020 15:18
Պաշտպանական կողմն իր համար ոչ շահեկան որոշում կայացնելուց հետո փորձ է անում այս դատական նիստը չեզոքացնել. Քոչարյանի գործով մեղադրող դատախազ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատական նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը, որպեսզի դատարանին ներկայացնեն Քոչարյանի՝ կալանադրված գույքի վերաբերյալ փաստաթղթերը։
«Հնարավորինս արագ կփորձենք կազմակերպել», - վստահեցրեց պաշտպանը։
Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ միանում է միջնորդությանը։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, թե առարկում է։
«Նախորդ դատական նիստին դատարանն առաջարկել էր նույն գործողությունը կատարել, մեկ շաբաթ պաշտպանության կողմը դա անհրաժեշտ չի գտել ու այստեղ իր համար ոչ շահեկան որոշում կայացնելուց հետո փորձ է անում այս դատական նիստը չեզոքացնել՝ վերացական պատճառաբանություն բերելով», - ասաց Գևորգ Բաղդասարյանը։
Տուժող կողմը նույնպես հայտարարեց, թե առարկում է նիստը հետաձգելու միջնորդությանը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց՝ դատարանն անհրաժեշտությւն չի տեսնում հետաձգել այսօրվա նիստը։
Նշենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: