05/08/2020 14:57
Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՔԿ
ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է Քննչական կոմիտե։
«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, այնտեղ վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում այդ հանգամանքները քննարկման առարկա դարձնելու, դրանցում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով:
Դատախազությունը հետամուտ կլինի քննությամբ ձեռք բերված արդյունքերից ելնելով՝ համապատասխան իրավական գնահատական տալու հարցում», - հաղորդում է Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցված է. որոշումը օրերս կայացրել է Ռուսաստանի Դաշնությունը։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով Ռուբեն Հայրապետյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ:
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։