05/08/2020 16:46
Ամուլսարում տեղի ունեցող ցանկացած գործընթացի քաղաքական պատասխանատվությունն ուղղակի ընկնում է գործող իշխանության վրա. Վահագն Վարագյան
«Կանաչ ապագա» շարժման նախագահ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց, որ կանաչ ապագային այլընտրանք չկա. իրենց բերման ենթարկելով՝ չեն կարող հետ պահել պայքարից:
«Ամուլսարի խնդիրները խիստ բնապահպանական են, և այս հարցում մասնագիտական երկխոսության փոխարեն անցած 2-3 տարվա ընթացքում ականատես եղանք, որ Ամուլսարի հարցը խիստ քաղաքականացվեց։ Այն քաղաքականացնելու, դիվիդենտներ շահելու արդյունքում ձևավորվեց այսօրվա քաղաքական իշխանություն ունեցող էլիտան և, կարծես թե, տպավորություն էր, որ նաև այս իշխանությունը պետք է վերջնականապես լուծում տա թնջուկին։ Բայց մենք ականատես եղանք նրան, որ վերջին ժամանակահատվածում հատկապես տեղացիները մենակ են մնացել և իշխանությունները որևէ որոշում չեն կայացնում» , - ասաց Վահագն Վարագյանը։
Նա նշեց, որ Ամուլսարում տեղի ունեցող իրադարձություններին պարզապես հետևելու փոխարեն, շրջակա միջավայրի նախարարը պետք է ակտիվ մասնացություն ունենա.
«Այնտեղ տեղի ունեցող ցանկացած գործընթացի քաղաքական պատասխանատվությունն ուղղակի ընկնում է գործող իշխանության վրա»։
Նախօրեին ոստիկաններն Ամուլսարի տարածքից բերման էին ենթարկել «Կանաչ ապագա» շարժման ներկայացուցիչներ Վահագն Վարագյանին և Ռաֆայել Հովհաննիսյանին։ Սրա վերաբերյալ Վարագյանն ասաց հետևյալը.
«Այս ամենը մեր կազմակերպության անդամներից որևէ մեկին չի ընկճել, մենք շարունակելու ենք մեր աջակցությունը ցույց տալ Հայաստանում առկա բոլոր բնապահպանական խնդիրներին։ Կանաչ ապագային այլընտրանք չկա»։