05/08/2020 13:30
«Արցախը Լիբանանի հետ է»․ Արայիկ Հարությունյանը հեռախոսացրույց է ունեցել Արամ Ա-ի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։
«Հետաքրքրվել եմ ստեղծված իրավիճակով, տեղի հայկական համայնքի ունեցած կորուստներով: Վեհափառին խնդրել եմ նաև մեր խորին ցավակցությունները փոխանցել ողբերգության հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին, Լիբանանի բարեկամ ժողովրդին` բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթելով:
Մեկ անգամ ևս զորակցելով լիբանանահայ մեր քույրերին և եղբայրներին՝ այս օրհասական պահին բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու պատրաստակամություն եմ հայտնել: Արցախը Լիբանանի հետ է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը։
Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը:
Վերջին տվյալների համաձայն՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորվել է ավելի քան 4 հազար մարդ:
Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։