06/08/2020 12:37
Հրետակոծությունից մարդուն ասում են գնա մտի հոգեբանական հրետակոծության տակ. Նիկոլ Փաշինյան
Խորհրդակցության ժամանակ էլ եմ ասել, որ եթե վարչապետի, կառավարության կողմից բովանդակային ուղերձներ են հղվում, ամեն մի պաշտոնյա որևէ տեղ որևէ բան անելիս պետք է այդ ուղերձներն արտահայտի, կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ամբողջ խոսքը սրա մասին է։ Թույլ տվեք ասել, որ այս միսիան շատ պատասխանատու է, թե էսքան խոսեցինք, գնալու ենք ինչ ենք տեսնելու», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, թե փորձը ցույց է տալիս, որ այլ բան է որոշվում, բայց տեղում այլ բան է արվում:
« «Բաղնիքդ անուշ» ֆիլմի նախաբանը տեսել եք, էն որ ճարտարապետը թղթերը ձեռքերը կաբինետներով անցնում է, որ ամեն տեղ մի բան կտրում են: Վերջում սովորաբար գալիս է այն, որ ավելի լավ է այդքան չխորանալ, պեմզաբլոկով հանգիստ դնել, արագ փակել, «տոլը» փռել, դա մեկ է ամենաէժան և արդյունավետ տարբերակն է: Մենք պետք է դադարեցնենք այս մոտեցումը: 1 քառ/մետրի վրա ինչ-որ անում ենք, այդ պուրակը, որ Ներքին Կարմիրաղբյուրում կառուցվում է, դա Նոր Հայաստանն է: Էն որ ասում են, էդ որն է նոր Հայաստանը: Հիմա ես այդ աշխատանքների արդյունքում պետք է գամ և ցույց տամ, որ սա է նոր Հայաստանը: Խոսքն այն հատվածների մասին է, որտեղ մենք զրոյից պուրակ ենք կառուցում և տուն ենք կառուցում: Այդ 700 և 1000 քառ/մետրը պետք է լինեն նոր Հայաստանը, բջիջ, որից պետք է մենք մեր պատկերացումները շարունակաբար տարածենք մեր երկրի, հայրենիքի մնացած բոլոր հատվածներով», - նշեց Փաշինյանը:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ սահմանամերձ գյուղերի դպրոցներին գումար է հատկացվում։
«Սրանք ոչ միայն ապաստարաններն են, որի մասին խոսվեց, այլ մի շարք այլ վերակառուցումների էլ են վերաբերում՝ շենքի շինարարական աշխատանքներ, պատուհանների փոփոխություն, սանհանգույցների վերանորոգում, մարզադահլիճների վերանորոգում, արևային կայանների տեղադրում: Իհարկե, մենք մեր բոլոր դպրոցները պետք է պատշաճ մակարդակի բերենք, բայց առաջնահերթ սահմանային գյուղերի դպրոցները պետք է լինեն լավ վիճակի, որպեսզի մեր երեխաները պատշաճ բովանդակությամբ կրթություն ստանան», - ասաց նախարարը:
Փաշինյանն էլ ավելացրեց՝ թե վարչապետի, թե պատգամավորի կարգավիճակներում ինչքան ապաստարան մտել է, իր առաջին վերաբերմունքը եղել է այն, թե ինչպես կարելի է այսքան անհարգալից վերաբերմունք ունենալ սեփական քաղաքացիների նկատմամբ։
«Պետք է խնամված լինի ամեն մի քառակուսի մետրը, ապաստարան մարդը մտնում է այդ հոգեբանական վիճակում: Հրետակոծությունից մարդուն ասում են գնա մտի հոգեբանական հրետակոծության տակ», - ասաց վարչապետը։