06/08/2020 18:05
«Մեր բոլոր առաջարկներին ի պատասխան արժանացանք խուլիգանական հարձակումների». Մարուքյանն անդրադարձել է Վանաձորում տեղի ունեցած արտակարգ դեպքին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Վանաձորում տեղի ունեցած արտակարգ դեպքին:
«Վանաձորում 44-ամյա տղամարդը մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ և դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս ու դիմել փախուստի:
Մարդիկ անելանելի վիճակից դիմում են նման ծայրահեղ և դատապարտելի մեթոդների: Ակնհայտ է, որ վարկային կառույցի որևէ աշխատակից մեղավոր չէ այսօրվա ճգնաժամի համար:
Մյուս կողմից, պետությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկեր մարդկանց այս վիճակից հանելու համար:
Օրինակ՝ մենք առաջարկում էինք ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել հարյուր հազարավոր կարիքավոր ընտանիքներին, ինչպես նաև վարկային արձակուրդների արդյունավետ մեխանիզմներ ներդնել, հարկային արձակուրդ տրամադրել՝ տույժ ու տուգանքների փոխարեն:
Մեր բոլոր առաջարկներին ի պատասխան արժանացանք խուլիգանական հարձակումների՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ վիրտուալ մեդիա տարածքներում», - ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է Մարուքյանը: