08/08/2020 12:03
Օդային աղետ՝ Հնդկաստանում. զոհերի թիվն աճում է
Հնդկական Air India Express ավիաընկերության օդանավի Կերալա նահանգի Կոժիկոդե քաղաքում վթարի հետևանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 140-ը: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը՝ հղում անելով պաշտոնյաներին:
Ըստ պարբերականի՝ ընդհանուր առմամբ ինքնաթիռում եղել է 191 մարդ: Երկու օդաչուները զոհվել են: 15 մարդ ծանր վիրավորում է ստացել:
Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար Հարդիփ Սինգհ Փուրին հայտնել է, որ «փրկարարական աշխատանքներն ավարտվել են», և «տուժածներն օգնություն են ստանում քաղաքի տարբեր հիվանդանոցներում»:
Հիշեցնենք, որ Կոժիկոդի օդանավակայանում վայրէջքի ժամանակ ուժեղ անձրև էր տեղում: Հնդկաստանի քաղաքացիական ավիացիան (DGCA) հաղորդել է, որ ինքնաթիռը բարձր արագությամբ դուրս է եկել թռիչքուղուց, ընկել ձորը և բաժանվել երկու մասի: Բռնկումից հաջողվել է խուսափել:
Օդանավակայանը ներկայում փակ է: