08/08/2020 09:53
«Ժողովուրդ». Ո՞վ է ճիշտ Գրիշա Թամրազյան-Սմբատ Գոգյան թեժ «մարտերում»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս հուլիսի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ երբ կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվող կրթության ոլորտում կատարված աշխատանքների հաշվետվությունն ավարտվել էր, վերջում Փաշինյանը ծառայողական քննություն էր նշանակել: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը փորձում է հասկանալ, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանի և ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ, ով՝ սխալ:
Ու, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, այդ օրը՝ քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հետարքրքվել է, թե արդյոք ծառայողական քննության վերջում հնարավոր է օրենքով սահմանված կարգով պաշտոնյային ազատել աշխատանքից իր լիազորությունների չարաշահման համար, թե ոչ: Վարչապետի աշխատակազմից պատասխանել են, որ հնարավոր է՝ լինի կարգապահական տույժ, բայց չեն բացառել նաև աշխատանքից ազատումը: Ինչպես հայտնի է, Սմբատ Գոգյանի՝ աշխատանքից ազատման դիմումը, մայիսից սկսած, վարչապետը չի ստորագրում:
Երեկ՝ ողջ օրվա ընթաքում, փորձեցինք նշված անձանցից մեկնաբանություններ ստանալ, բայց չհաջողվեց: Գրիշա Թամրազյանը ևս հեռախոսազանգերին չէր պատասխանում: Մեր զանգերն անպատասխան թողեցին նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ու նրա տեղակալները»: