08/08/2020 15:25
ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է. փաստաբան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը,դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մուշեղ Կոշեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոշեցյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը։
Նա նշեց, որ իրենք որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում:
«Պնդում եմ, որ որևէ հիմք գոյություն չունի՝ ոչ միայն կասկածի հիմնավորման և նաև կալանավորման հիմքերի առումով, առավել ևս մեղադրանքն է ապօրինի: Պատահական չէր հենց Երևանի դատարանի Կենտրոնի նստավայրի հերթապահության օրը միջնորդություն ներկայացնելն ու միջնորդության քննությունը դատավոր Մնացական Մարտիրոսյանին մակագրելը։ Գործընթացն ամբողջոությամբ ապօրինությունների շղթա է, կալանավորման որևէ հիմք չկար» ,- ասաց Գեղամ Հակոբյանը:
Պաշտպանը միաժամանակ հիշեցրեց, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահելը:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Կոշեցյանին օգոստոսի 6-ի առավոտյան հրավիրել էր հարցաքննության՝ կասկածյալի կարգավիճակով, ժամը 09։00-ին նա ներկայացել է և 09։11-ին՝ ձերբակալվել։