10/08/2020 20:34
Այսպիսի քայլ անում են սադրելու համար և դա հասկանալով՝ սադրանքի չեմ գնացել. Վլադիմիր Գասպարյանը՝ «Ազատություն» ռ/կ լրագրողների հետ միջադեպի մասին (Para TV)
Երեկ, երբ տեսա՝ ինչ աղմուկ է բարձրացվել, դա ինձ ստիպեց, որ բացատրություն տամ. Para TV-ին տված հարցարույցում նշեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն՝ անդրադառնալով երեկ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների կողմից իր տունը նկարահանելու միջադեպին:
Նա պատմեց, որ իր տան տարածքում՝ մոտ տասը մետր բարձրության վրա, դրոն է աշխատում:
«Սկզբից մտածել եմ ահաբեկչության և պրովոկացիայի մասին, քանի որ առաջին անգամը չէ, որ դրոն են բաց թողնում այս տարածքի վրա: Նստել եմ իմ կվադրոցիկլը և դուրս եմ եկել, մտածել եմ այդ տարածքը խոցելի է: Տեսել եմ, որ դրոնը շարժվում է դեպի վերև, այդ ուղղությամբ ճանապարհով գնացել եմ: 300-400 մետր հեռու տեսել եմ կանգնած 2 ավտոմեքենա և մեքենայից դուրս եկած 6-7 քաղաքացիներ:
Ես գնացի, կանգնեցի նրանց կողքը: Նրանցից մեկի ձեռքին տեսա հեռակառավարման վահանակ, ասեցի՝ «սա ի՞նչ է, տղա», ասեց՝ «պուլտ ա», ասեցի՝ «ի՞նչ պուլտ է», ասաց՝ «իմ պուլտն է», ասեցի՝ «այդ դրոնը դո՞ւք եք բաց թողել իմ տուն, ո՞վ եք դուք»: Իրենք այլայլված էին, իրենք 5-6 հոգով էին, ես՝ մենակ: Ես վրդովված էի, որովհետև հազար բան է տեղի ունենում:
Ավելին ասեմ, ժամանակին՝ երկու- երեք տարի առաջ, ԱԱԾ-ում գիտեմ, որ խումբ կար, որը մահափորձ էր կազմակերպել, ես գիտեմ ԱԱԾ-ն նրանց վերցրել էր և մեկ ամիս հետո, նրանց բաց են թողել, և չգիտեմ այդ գործի ճակատագիրը ի՞նչ է եղել: Եթե 6-7 հոգի 30 տարեկան երիտասարդները վախենում են ինձանից՝ 62 տարեկանից, թող շարունակեն վախենալ և պետք է վախենան, որովհետև, երբ մտնում են մարդու տուն, պետք է հասկանան, որ այդպես չի աշխատելու, ընտանիքը սրբությունն է և իմ փոքր հայրենիքն է, իմ փոքր տունը, որը ես պաշտպանում եմ, ինչպես պաշտպանել եմ իմ մեծ հայրենիքը՝ մեծ տունը՝ 40 տարի տարի շարունակ», - ասաց նախկին ոստիկանապետը:
Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ հավաքվածներն իրեն ասել են, որ «Ազատություն» ռադիոկայանից են․
«Ես ասեցի՝ տղաներ, խելքներդ գլուխներդ հավաքեք, մի օր ձեզ խիստ կպատժեն՝ հաշվեհարդար կլինեն, մի պատի տակ կսատկացնեն, մի արեք տենց բաներ, դուք չեք պատկերացնում ինչը ինչից հետո է, հիմա ես ձեզ ասում եմ հավաքեք և գնացեք: Ես ասեցի ձեզ, որ լրատվություն չեմ ճանաչում, ձեզ դիտում եմ՝ որպես իմ բնակարան ներխուժող մարդիկ: Գնացեք ձեր ղեկավարին ասեք, որ ձեզ սովորեցնեն Սահմանադրական իրավունքը ի՞նչ է նշանակում: Գլուխները կախ գնացել են»:
Հարցին՝ վիրավորել է արդյոք ԶԼՄ-ի ներկայացուցիչներին, Վլադիմիր Գասպարյանը ասաց, որ բոլորը գիտեն իր խոսելու ոճը, խոսել է բարձր, քանի որ վիրավորված է եղել.
«Պետք էր հասկանալ, ինչ կոնտինգենտ են այդ տղաները, որովհետև իմ համար հետախուզական էր, ուզում էի հասկանալ՝ ովքեր են և 10 մետր ներքև ևս երկու հոգի կային, որոնք տեսան, որ խոսում եմ, հետ գնացին: Ես կարծում եմ, որ այնտեղ ավելի շատ մարդ է եղել: Ես չէի մտածում, որ տղաները կգնան և հայտարարություններ կանեն, երբ երեկոյան աղմուկ բարձրացվեց, ես հասկացա, որ սա ծրագրավորված ակցիա է, որովհետև աղմկելու տեղ չունեին, ես պրովոկացիայի չգնացի:
Այսպիսի քայլ անում են միայն սադրելու համար և դա հասկանալով՝ սադրանքի չեմ գնացել: Զարմանալի չի լինի, որ ասեմ՝ ես ինֆորմացիա չեմ ուզում ստանալ, բայց ստանում եմ, և երեկ երեկոյան ես ունեի ինֆորմացիա, որ քաղաքական որոշումներ են կայացնում: Չտա Աստված, որ արդարությունը քաղաքական որոշումներով կայացնեն, նման պետությունը չի կարող երկար գոյատևել:
Նույն «Ազատությունը» այն «Ազատությունն» է, որ «Սասնա Ծռերի» ժամանակ էր քարոզում, ասպատակում ոստիկանությանը, երբ ես ոստիկանապետ էի: Սա այն նույն «Ազատությունն» է, որ չի ընդունում Հայոց եղեռնը և այն երևույթներն է քարոզում, որոնք հարիր չեն մեր երկրին: Սա առաջին դեպքը չէ, երկու տարիների ընթացքում շատ են եղել սադրանքներ և իմ հետ աշխատող մարդիկ ասել են՝ մենք մեղավոր չենք, սա վերևից է», - ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս երեկ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը խոչընդոտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Ըստ լրատվամիջոցի՝ վերջինս վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ։