10/08/2020 15:16
Սփյուռքի հետ աշխատանքներում իրական օրակարգ ու գործողությունների ծրագիր պաշտոնական Երևանն այսօր չունի
Վերջին շրջանում սփյուռքի տարբեր համայնքներում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների, լարվածության ֆոնին զգալի կադրային փոփոխություններ եղան սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակում:
Մասնավորապես, վարչապետ Փաշինյանի հրամանագրով պաշտոնից ազատվեց գրասենյակի 10 աշխատակից, այդ թվում՝ վարչության ու բաժնի պետեր: ՀՀ պատմության մեջ «ամենաժողովրդավարական» ու «ամենաթափանցիկ» իշխանությունները նման փոփոխությունների շարժառիթների ու պատճառների մասին, ինչպես տեսնում ենք, նախընտրեցին չխոսել: Իսկ ստեղծված իրավիճակն ու դրա զարգացումները մի պարզ ճշմարտություն երևան հանեցին. սփյուռքի հետ աշխատանքներում պոպուլիստական հայտարարություններից այն կողմ որևէ իրական օրակարգ ու գործողությունների ծրագիր պաշտոնական Երևանն այսօր չունի:
2019-ի օգոստոսի 27-ին վարչապետ Փաշինյանն ԱԳՆ-ում կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա հավաքին ներկայացրեց սփյուռքի հետ աշխատանքներում մեր նոր սկզբունքը՝ համահայկականությունը:
Վարչապետի պնդմամբ՝ այս նոր սկզբունքը պիտի օգնության գար մեզ՝ հաղթահարելու փոքր պետության բարդույթն ու օգնելու «ջնջել» Հայաստանի ու սփյուռքի միջև եղած սահմանները: Տրամաբանությունն հուշում է, որ այս սկզբունքի վրա խարսխված նոր քաղաքականությունը (եթե այդպիսին կար), վերջին օրերին պիտի ուղղորդված լիներ հատկապես սփյուռքի հայկական համայնքների անվտանգության ապահովմանն ու ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Զարգացումները ցույց տվեցին, որ սփյուռքի նախարարությանը փոխարինելու եկած սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը, որն, ի դեպ, աչքի է ընկնում կես տարվա ընթացքում մի քանի տասնյակ միլիոնի հասնող պարգևավճարներով, մեղմ ասած, իր տեղում չէր:
Գլենդեյլի նախկին քաղաքապետի ղեկավարությամբ գործող գրասենյակի մասին նախկինում ևս խոսել ենք: Այն, որ սփյուռքի նախարարությանը փոխարինելու եկած կառույցի ձևավորման փուլում հաշվի չէին առնվել հայկական սփյուռքի առանձնահատկություններն ու Հայաստան-սփյուռք հարաբերությունների կարևոր նրբությունները, դեռ մեկ տարի առաջ հիմքեր էր տալիս ենթադրելու, որ խնդիրները հայկական համայնքների հետ աշխատանքներում աստիճանաբար ավելանալու են: Այս ամենին գումարվեցին նաև վերջին իրադարձություններից բխող խնդիրներն ու մարտահրավերները:
Աշխատու՞մ ենք այսօր այս բացթողումները շտկելու ուղղությամբ, ունե՞նք կամ գիտակցու՞մ ենք արդյոք սփյուռքի հետ աշխատանքներում գործողությունների ծրագիր ունենալու անհրաժեշտությունը. սրանք և շատ այլ հարցեր այսօր առավել քան արդիական են: