12/08/2020 13:25
Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ ամրագրվեցին Արցախի հարցում իշխանությունների լրիվ նոր մոտեցումները. Փորձագետ
Ազգային անվտանգության նոր ռազմավարության Արցախին առնչվող հատվածում խնդրահարույց ձևակերպումները, դրանցից բխող տեսանելի մարտահրավերները շատ ավելի շատ են, իսկ սպասվող ռիսկերը մի քանի անգամ գերազանցում են դրված նպատակները կյանքի կոչելու համար եղած հնարավորություններին: Անդրադառնալով հուլիսի 10-ին ընդունված Ազգային անվտանգության նոր ռազմավարությանը՝ Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը:
«Ազգային անվտանգության ռազմավարությունը կարևոր փաստաթուղթ է, որտեղ ամրագրվում են երկրի համար առանցքային նշանակություն ունեցող խնդիրներն ու ուղղությունները: Ի թիվս այլնի, 2007թ.-ից գործող ռազմավարությանն այս տարի փոխարինելու եկած նոր փաստաթուղթն արձանագրեց նաև Արցախի հարցում իշխանությունների լրիվ նոր ու խնդրահարույց մոտեցումներն ու դիրքորոշումները», - նշեց փորձագետն՝ ավելացնելով, որ նման եզրակացությունների համար հիմքը նախկինում գործող ռազմավարության հետ համեմատական վերլուծությունն է:
Մխիթարյանի կարծիքով՝ արցախյան կարգավորման հարցում դիրքորոշման էական փոփոխությունների կարևոր ցուցիչ է նաև փաստաթղթում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» կամ «Արցախի Հանրապետություն» եզրույթներից խուսափելը:
«Չափազանց կարևոր են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին առնչվող ձևակերպումները: 2007 թվականի փաստաթղթի «Լեռնային Ղարաբաղի փաստացի գոյության անշրջելի իրողություն» ձևակերպումը նոր ռազմավարության մեջ փոխարինվել է «Մենք շարունակելու ենք սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն առանց սահմանափակման և հարկադրանքի» ձևակերպմամբ, ինչը ռիսկերի ու մարտահրավերների մի ամբողջ շղթա է իր հետ բերում», - նշեց փորձագետը:
Վերջինս չբացառեց, որ ինքնորոշման իրավունքի հարցում մեր դիրքորոշման ու բառակազմի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել Արցախը բանակցային սեղան վերադարձնելու՝ դեռ երկու տարի առաջ իշխանությունների կողմից առաջ քաշված նպատակի հետ՝ հաշվի առնելով, որ փաստաթղթում դրան ուղղակի անդրադարձ կա հետևյալ շարադրմամբ՝ «ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմք է հանդիսանում Արցախի բնակչության համար՝ իր կողմից ընտրված իշխանությունների միջոցով բանակցությունների բոլոր փուլերում լիարժեքորեն մասնակցելու իր իսկ ճակատագրի որոշմանը»:
«Նոր ռազմավորությունն արցախյան կարգավորման հարցում իշխանությունների նոր մոտեցումների ամրագրումն է: Բնականաբար, ցանկացած փոփոխություն իր հետ բերում է և՛ հնարավորություններ, և՛ մարտահրավերներ: Ցավոք, այս ամենից տեսանելի մարտահրավերները շատ ավելի շատ են, իսկ սպասվող ռիսկերը մի քանի անգամ գերազանցում են դրված հնարավոր նպատակները կյանքի կոչելու համար կանխատեսելի հնարավորություններին», - ամփոփեց փորձագետը: