14/08/2020 17:47
Հայաստանի համար Ծոցի երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հետ աշխատանքի լայն դաշտ է բացվում. Փորձագետ
Ծոցի երկրների արտաքին քաղաքականությունում նկատվում է կարծրատիպերից հրաժարվելու որոշակի միտում, ինչը Հայաստանի համար աշխատանքի լայն դաշտ է բացում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը:
«Պաղեստինա-իսրայելական հակամարտությամբ պայմանավորված՝ արաբական երկրները շատ զգայուն են Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում: Արաբական Միացյալ Էմիրությունները դարձավ արաբական երրորդ և Ծոցի առաջին երկիրը, որն ԱՄՆ միջնորդությամբ գնաց այդ համարձակ քայլին», - նշեց Վարդանյանը:
Փորձագետի կարծիքով՝ ԱՄԷ-ի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորմանն արաբական և իսլամական աշխարհի արձագանքը կարող է որոշիչ լինել նաև Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման համար:
«Բավականին երկար ժամանակ Միացյալ Նահանգներն աշխատում է նաև Էր-Ռիադի և Թել-Ավիվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, իսկ նոյեմբերին կայանալիք ընտրություններիn ընդառաջ Թրամփը շահագրգռված է ևս մեկ «հաջողության պատմություն» արձանագրել», - նշեց նա՝ ավելացնելով, որ այստեղ առաջընթացի բացակայությունը, թերևս պայմանավորված է Սաուդյան Արաբիայի մտահոգություններով՝ կապված իսլամական աշխարհում իր հեղինակության վրա այդ գործարքի հնարավոր բացասական ազդեցության հետ:
Փորձագետի խոսքով՝ եթե ընդհանուր թշնամու՝ Իրանի դեմ պայքարը ստիպում է արաբական այս երկրներին վերնայել իրենց հարաբերություններն Իսրայելի հետ, ապա մեկ այլ թշնամու՝ Թուրքիայի դեմ պայքարում, վերջիններս ավելի քիչ կաշկանդող հանգամանքներ ունեն և ավելի բաց են համագործակցության համար:
«ԱՄԷ-ն հանդիսանում է հակաթուրքական կոալիցիայի անդամ և բավականին ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության դեմ պայքարում: Այս համատեքստում, հատկապես վերջին շաբաթներին Թուրքիայի ապակայունացնող կեցվածքը մեր տարածաշրջանում հաշվի առնելով, Հայաստանը կարող է ԱՄԷ հետ համագործակցությունն էլ ավելի խորացնել, ինչը կծառայի երկու երկրների շահերին», - նշեց Վարդանյանը:
Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, ապա փորձագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է հետևողական աշխատանք սկսի Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
«Այս պահին դրա համար կան բավականին նպաստավոր նախադրյալներ՝ Սաուդյան Արաբիա-Թուրքիա լուրջ տարաձայնությունները, թագավորության արտաքին քաղաքականությունում իսլամական համերաշխության գաղափարի առաջին պլանից դուրս գալու միտումը, ինչն արտահայտվում է ոչ միայն Իսրայելի հետ ունեցած գործընթացով, այլև Քաշմիրի հարցում Սաուդյան Արաբիայի ազդեցության տակ գտնվող Իսլամական համագործակցության կազմակերպության մոտեցմամբ, ինչը լուրջ դժգոհություն է առաջացնում Պակիստանի մոտ», - նշեց Հասմիկ Վարդանյանը:
Բացի այդ, ըստ փորձագետի, վերջին տարիներին Սաուդյան Արաբիայում Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունքի որոշակի մեղմացում է նկատվում:
«Վերջին տարիներին Սաուդյան Արաբիայի թագավորը, թագաժառանգ արքայազնը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, շնորհավորական ուղերձներ են հղում Հայաստանի «բարեկամ ժողովրդին» անկախության տոնի առթիվ: Սա, ինչպես նաև պետության կողմից գրաքննության ենթարկվող լրատվամիջոցներում Հայոց ցեղասպանության մասին անդրադարձերը, Էր-Ռիադի կողմից Երևանին հղվող որոշակի ազդակներ կարող են համարվել», - նշեց նա:
«Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը բավականին կարևոր է միջազգային կառույցներում, և մասնավորապես Իսլամական համագործակցության կազմակերպությունում Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Թուրքիայի և Ադրբեջանի հակահայակական նախաձեռնությունների արդյունավետությունը նվազեցնելու, Ղարաբաղյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու թուրք-ադրբեջանական վտանգավոր փորձերը տապալելու տեսանկյունից», - ամփոփեց փորձագետը: