21/08/2020 09:36
«Ժողովուրդ». Մանկապարտեզների ղեկավարները ժողով են արել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ նախադպրոցական հաստատությունների շատ ղեկավարներ ժողով են հրավիրել՝ հասկանալու համար, թե ինչպես են կազմակերպելու մանկապարտեզների աշխատանքները: Բանն այն է, որ ինչպես դպրոցների, այնպես էլ նախադպրոցական հաստատությունների պարագայում հրահանգ է առկա, որ տարիքով ավագ դաստիարակներն ու դայակները պետք է տանը մնան՝ կորոնավիրուսով չվարակվելու համար, քանի որ գտնվում են ռիսկային գոտում և այս իրավիճակում ղեկավարությունը ցանկացել է հասկանալ՝ քանի դաստիարակ է այդ տարիքի, ինչ ռիսկեր կան, եթե այդպես որոշվի կազմակերպել աշխատանքները:
Մեր տեղեկություններով, արդեն դաստիարակներին զգուշացվել է, որ առավելագույնը 12 հոգանոց խմբերում առաջնահերթ պետք է ընդգրկված լինեն այն երեխաները, որոնց երկու ծնողներն էլ աշխատում են: Այսինքն, մեկ ծնողի աշխատելու և խմբի ծանրաբեռնվածության պարագայում շատ երեխաներ կարող են դուրս մնալ: Եվ այս հանգամանքն արդեն հարուցել է նաև շատ ծնողների դժգոհությունը:
Ամեն դեպքում դաստիարակները պետք է առաջիկայում ցուցակ ներկայացնեն, թե երկու ծնողի աշխատելու պահանջի պարագայում առավելագույնը քանի հոգանոց խմբեր հնարավոր կլինի ձևավորել: Ավելացնենք, որ Պարետի նոր որոշման համաձայն՝ խմբերում պետք է լինի առավելագույնը 12 երեխա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: