27/08/2020 15:04
Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքը կմնա անփոփոխ
Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հրապարակվեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դատաքննության ընթացքում խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը՝ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքը կմնա անփոփոխ։
Խաչատրյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ որոշումն իրենց համար սպասելի էր և իրենք կբողոքարկեն այն։
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ էին կատարվել Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։
Խուզարկությունների ավարտից հետո Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման էին ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։