29/08/2020 09:40
«Հրապարակ». Հայկ Սարգսյանը ջրից չոր դուրս եկավ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանին այս անգամ էլ հաջողվեց ջրից չոր դուրս գալ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա կարողացել է լուծել իր հարցերը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանված ժամկետում վարույթ չհարուցեց հայտնի փարթիի գործով, հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի մեկնաբանությամբ՝ հիմնավոր փաստերը բացակայում են։ «Հիմա ուսումնասիրում ենք պատգամավորի հայտարարագիրը, և դեռ վաղ է ասել, որ հետագայում վարույթ չի հարուցվի», - ավելացրեց նա։
Ըստ նրա, մամուլի հրապարակումները չունեն այն արժանահավատ փաստական հանգամանքները, որոնք հանձնաժողովին հնարավորություն են տալիս անմիջապես վարույթ իրականացնել, հենց այդ պատճառով էլ շարունակում են ուսումնասիրել հայտարարագիրը՝ դրա համար 90-օրյա ժամկետ ունեն։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Սևանա լճի «White Shorja» լողափին առանց դիմակների փարթիին պատգամավորի մասնակցության փաստը տևական ժամանակ քննարկվում էր։ Խնդրահարույցը ոչ միայն զանգվածային միջոցառում կազմակերպելու փաստն էր, այլև այն, որ լողափը պատկանում է պատգամավորին, թեև թղթերով ոմն Արտյոմ Մելքումյանինն է, որն աշխատել է Սարգսյաններին պատկանող ավտոպահեստամասերի վաճառքի կետում: Այսինքն, պատգամավորը ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, ինչի իրավունքը չունի։ Իսկ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում կասկածելի տվյալներ են հայտնաբերվել՝ տարբերություն օրինական եկամուտների և հայտարարագրվածի միջև։ Հայտնի միջադեպից մեկ ամսից ավելի է անցել, և հանձնաժողովը պետք է ավարտած լիներ ուսումնասիրությունն ու վարույթ հարուցեր, ինչը չի արվել»։