01/09/2020 17:21
Կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում հնարավոր չարաշահումների վերաբերյալ անձամբ եմ դիմել ՊՎԾ. ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատված է աշխատանքից. Էդուարդ Աղաջանյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է «Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում յուրացումներ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել» վերտառությամբ լուրերին։
Աղաջանյանը սուտ է որակել լուրը, թե կառավարական թիվ 1 առանձնատան վերանորոգման համար ծախսվել են միլիոնավոր դոլարներ։
«Չնայած որ իրավասու չեմ հստակ նշել ծախսված գումարի չափը, կասեմ ընդամենը, որ ներկայացված թիվը ՏԱՍՆՅԱԿ անգամներ ուռճացված է», - նշել է նա։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հերքել է նաև տեղեկաությունը, թե կապալառու ընկերության ընտրության մեջ ակտիվ մասնակցություն է ունեցել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
«Սա ևս բացարձակ սուտ է, և պրն. Հակոբյանը որևէ ներգրավվածություն նշված գործընթացում չի ունեցել», - նշել է նա։
Էդուարդ Աղաջանյանը նաև պարզաբանում է ներկայացրել։
«Վերանորոգման ընթացքում հնարավոր չարաշահումների վերաբերյալ անձամբ ինքս եմ դիմել ՊՎԾ, որպեսզի ստուգումներ սկսվեն ՊՈԱԿ-ում։ Ստուգումների արդյունքներն ուղարկվել են համապատասվան մարմիններ, որոնց հիման վրա իրականացվում է քննություն։ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատված է աշխատանքից։
Էնպես որ «Կոռուպցիոն սկանդալ աշխատակազմի ղեկավարի ենթակայության ՊՈԱԿ-ում» վերտառության ներքո իմ նկարը տեղադրող լրատվականներին պետք է հիասթափեցնեմ։
ՊՎԾ-ն իմ դիմումի համաձայն է սկսել ուսումնասիրությունները», - ավելացրել է Աղաջանյանը։