02/09/2020 19:01
Մաքսազերծման նոր ընթացակարգի պատճառով խնդրի առաջ հիմնականում կանգնելու են Թուրքիայից ապրանք ներմուծողները. Պիպոյան
Սեպտեմբերի 1-ից Հայաստան ոչ թե քաշով, այլ հատով ապրանքների ներմուծման ընթացակարգի պատճառով հիմնականում խնդրի առաջ կանգնելու են Թուրքիայից ապրանքներ ներմուծողները, Aysor.am-ի թղթկցի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
«Հիմնական պրոբլեմն առաջանալու է Թուրքիայի հետ: Հարցին պետք է նայել երկու հարթության մեջ՝ ստեղծվելիք անհարմարություններ, դրանց հետևանքներ ու հետևանքների չեզոքացում և օգուտ, որն անպայման լինելու է: Իսկ օգուտն այն է, որ բրենդները հստակեցվելու են, այսինքն՝ մենք չենք կարողանալու գնալ, ոչ օրիգինալ ապրանքը բերել և վաճառել օրիգինալի անվան տակ, որովհետև, եթե առևտրականը Թուրքիայից բերում է ոչ օրիգինալ ապրանք, այն ավտոմատ մաքսազերծում է օրիգինալի գներով, և արժեքն այնքան է բարձրանում, որ որևէ տրամաբանություն այլևս չի լինում», - ասաց մեր զրուցակիցը:
Բաբկեն Պիպոյանի համոզմամբ՝ մինչև նոր ընթացակարգի գործարկումը պետությունն ու գործարարը պետք է կարողանային միմյանց հետ երկխոսել, միմյանց լսել և իրար ժամանակ տալ:
«Արդյոք արժե, որ Հայաստանը նվազեցնի Թուրքիայի հետ առևտրի ծավալները: Անխոս արժե, բայց կարո՞ղ ենք դա միանգամից անել: Ես պնդում եմ, որ չենք կարող: Թուրքիան ունի բավականին զարգացած տնտեսություն, և մենք, առնվազն պետական մակարդակով, պետք է կարողանանք բիզնեսին ուղղորդել, ճանապարհներ ցույց տալ», - ասաց Բաբկեն Պիպոյանը՝ միաժամանակ անխուսափելի համարելով, որ նոր ընթացակարգի գործարկմամբ՝ գնաճն անխուսափելի է լինելու:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 1-ից փոխվում են հագուստի մաքսազերծման մեթոդները։ Ներմուծվող հագուստն այսուհետ մաքսազերծվելու է բոլոր այլ ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։
Այսինքն՝ այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, հաշիվ ապրանքագրում պետք է նշված լինի ապրանքի ստույգ քանակը, գինը, անվանումն ու մոդելը։ Ինֆորմացիայի թերի հայտարարագրումը կբերի վարչարարության կիրառման։