03/09/2020 13:04
Ժամը 12:00-ի դրությամբ արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38, մահվան՝ 14 դեպք
Ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ի՝ ժամը 12:00 դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որից 25-ը՝ Արմավիրի մարզից, 12-ը՝ Երևանից, 1-ը՝ Կոտայքի մարզից: Ցավոք, նաև գրանցվել է մահվան 14 դեպք:
Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուր է հանդիսացել մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումը:
Երևանի դեպքերից տուժածների մեծամասնությունն օգտագործել է բժշկական սպիրտ՝ որպես օղու փոխարինիչ, մյուս մասի, ինչպես նաև Կոտայքի մարզում արձանագրված դեպքից տուժածի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են: