03/09/2020 13:25
Ղազախստանից Հայաստան նավթամթերքների առաքումը կազատվի մաքսատուրքից
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Հայաստան նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Այս համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել Հայաստանի և Ղազախստանի միջև նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության կարգավորման վերաբերյալ կողմերի հետաքրքրվածությամբ:
Սույն համաձայնագրով նախապես համաձայնեցված անվանացանկով և չափաքանակներով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27 խմբում դասակարգվող ապրանքների Ղազախստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն առաքումը ազատվում է մաքսատուրքի գանձումից:
Համաձայնագրի կատարման համակարգման և վերահսկման իրավասու մարմիններ են ճանաչվում՝ ղազախական կողմից՝ ածխաջրածինների և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27-րդ խմբում դասակարգվող ապրանքների արտադրության բնագավառում իրավասու մարմինը, հայկական կողմից՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Համաձայնագրով կողմերի իրավասու մարմինները մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կազմում են հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետությունում Ապրանքների ներքին սպառման արտադրության, ներմուծման և արտահանման հաշվեկշիռը ՀՀ տարածքում, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից Ապրանքների առաքման ծավալները, միջգերատեսչական արձանագրության կնքմամբ հաստատում են Ղազախստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն առաքվող Ապրանքների ցանկը:
Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների մեջ զարգացնել երկարատև առևտրատնտեսական հարաբերություններ:
Այն կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը: