09/09/2020 17:36
Դավիթ Տոնոյանը Հելեն Ֆեյզիին ներկայացրել է իր մտահոգությունները անվտանգային միջավայրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիին, հայտնում են ՊՆ-ից:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է տիկին Ֆեյզիին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել նորանոր ձեռքբերումներ հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման գործում, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։
Քննարկման ընթացքում Դավիթ Տոնոյանը գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակով և հույս հայտնել, որ համավարակով պայմանավավորված սահմանափակումների մեղմացումից հետո փոխգործակցությունը նոր թափ կստանա։ Կարևորվել է հատկապես երկկողմ ռազմաքաղաքական քննարկումների անցկացումը՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ դիրքորոշումների փոխանակման նպատակով։
Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ներկայացրել իր մտահոգությունները անվտանգային միջավայրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։