09/09/2020 17:15
Բացօթյա գրադարան և վերականգնված արձան՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում
Սեպտեմբերի 6-ին և 7-ին, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ մեծանուն Լուսավորչի վերջերս վերականգնված արձանի հանրային ցուցադրության արարողությունը: Խ. Աբովյանի ծննդյան 215-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում սա մեծապես կարևորվող իրադարձություն էր, քանի որ մեկ դար անց, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հնարավոր է դարձել վերականգնել Լուսավորչի արձանը և նոր ոգով ու շնչով հանձնել հանրությանը: Տուն-թանգարանի այգում ներկայացվեց արձանի պատմության վավերագրությունը:
«Տաշիր» բարեգործականի աջակցությամբ թանգարանում իրագործվել է նաև Աբովենց բացօթյա գրադարանի ստեղծման և թանգարանի այգու տեսահսկման նախագիծը:
Այսուհետ այցելուները, պահպանելով սոցիալական հեռավորություն, կարող են ընթերցել գրքեր, վայելել հաճելի գրական երաժշտական երեկոներ Խաչատուր Աբովյանի հայրական տան այգում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, ողջունելով թանգարանի նախաձեռնությունը, նշեց.
«Բացօթյա գրադարան Հայաստանում, Երևանում հրաշալի միտք է և հրաշալի կատարում: Աբովենց այգում, կարծում եմ, շատ հաճելի կլինի ընթերցանությամբ զբաղվելը: Ես շատ ուրախ եմ,որ տուն-թանգարանն ունի հրաշալի տնօրենուհի, որը շատ լավ գաղափարներ է մեջտեղբերում և ամենակարևորը՝ կարողանում է այդ գաղափարներն իրականացնել: Շնորհակալ եմ այն երիտասարդներին, ովքեր վերականգնեցին Խ. Աբովյանի բրոնզե արձանը, որը տևական ժամանակ վատ վիճակում էր, և «Տաշիր» բարեգործական ընկերությանը, որը գնահատեց տնօրենի ջանքերը, նպատակը հասկացավ և օժանդակեց: Հույս ունեմ, որ այս գեղեցիկ, բացօթյա գրադարանը լեփ-լեցուն կլինի ընթերցողներով»:
Աբովենց այգու գրադարանի հանդիսավոր բացմանը հաջորդեց կոմպոզտոր Նիկոլ Գալանտերյանի «Հայտնի և անհայտ երգեր, ռոմանսներ, դուետներ» գրքի շնորհանդեսը (փոխադրումը և մշակումը Մարգարիտ Սարգսյանի):
Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը հույս հատնեց, որ Աբովենց այգին այսուհետ կդառնա արվեստի, գրականության գործիչների հավաքատեղի, որտեղ պարբերաբար կկազմակերպվեն գրական-երաժշտական երեկոներ, ներկայացումներ, համերգներ:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան օպերային արտիստներ Նարինե Անանիկյանը, Դիանա Հարությունյանը և Անդրանիկ Մալխասյանը: Երեկոյի կոնցերտմայստերն էր Մարգարիտ Սարգսյանը:
Արարողությանը ներկա էին նաև «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ և Էստոնիայի պատվավոր հյուպատոսը, ով Աբովենց բացօթյա գրադարանին գրքերի ծավալուն հավաքածու նվիրեց:
Այսուհետ երկուշաբթիից շաբաթ՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը այցելուներին կհյուրընկալի ժամը 11-ից 21:30: