09/09/2020 11:56
Արդարադատության նախարարությունից նոր մանրամասներ են ներկայացնում Ամատունի Վիրաբյանի գործով
ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մանուկյանն այսօր որոշակի պարզաբանումներ է ներկայացրել
Արդարադատության նախարարի հրամանով աշխատանքից ազատված «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանի՝ լրատվամիջոցներին տված մեկնաբանության վերաբերյալ:
«Դա եղել է ԱԱՀ, օրենքն ընդունվել է 2016 թվականին, բայց բյուջեն այդ գումարը չի նախատեսել, նախատեսել էր 2019 թվականից։ 2016-2018 թվականների համար հարկային մարմինը ստուգում է իրականացրել, ակտ է կազմել, դիմել ենք կռավարություն, պահուստային ֆոնդից տրամադրել են այդ գումարը և մենք վճարել ենք, այնպես, ինչպես բոլոր ՊՈԱԿ-ները», - ասել է Վիրաբյանը:
Եվ ահա անդրադառնալով այն հանգամանքին, որ լրատվամիջոցների հետ զրույցում Վիրաբյանը նշել է, որ «Արխիվը պետությունից ստացել է դրամաշնորհներ և սուբսիդիաներ, որոնք ԱԱՀ-ով չէին կարող հարկվել», Լուսինե Մանուկյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Եվ այո՛, այդ գծով հարկային պարտավորություն առաջադրվել է գրեթե բոլոր ՊՈԱԿ-ներին, իսկ այդ պարտավորությունները մարվել են կառավարությունից ստացված միջոցների հաշվին։ Սակայն «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի դեպքում արձանագրվել է նաև շահութահարկի գծով պարտավորություն, և ստուգման ակտով հստակ արձանագրվել է, որ ի թիվս այլնի, խախտվել է նաև «Շահութահարկի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը և նույն հոդվածի 2-րդ մասի «դ» և «զ» ենթակետերը, որոնց հետևանքով շահութահարկի գծով առաջադրվել է 21 մլն 369 հազար 151 դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն»։
Վիրաբյանի՝ «հարկեր չվճարողներին դատում են, ոչ թե կառավարությունը պահուստային ֆոնդից գումար է տալիս» պնդման վերաբերյալ էլ նախարարի խոսնակը նշում է, որ Պետական եկամուտների կոմիտեի կողմից նախապատրաստվել են նյութեր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, սակայն քրեական գործի հարուցումը 24․05․2019թ-ին մերժվել է, քանի որ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ հատուցվել է։