09/09/2020 19:12
Գների բարձրացումը 1.5-ից 2 անգամ է լինելու, 6 անգամի մասին խոսք չկա. Շուշանիկ Ներսիսյանը՝ ներմուծվող ապրանքի մաքսային արժեքի մասին
«Քաղաքականությունը վերանայելու արդյունքում գները վերանայել ենք: Իրենք հին գներն են տեսել, իրենց էլ եմ բացատրել, որ, գուցե, այն աշխատակցին են մոտեցել, ով այդ պահին նոր գնին չի տիրապետել: Ես նոր գներն եմ ներկայացրել իրենց, բոլորի հետ համաձայնել են: Հանդիպման ընթացքում խոստացանք, որ ամբողջ մաքսային մարմինը նոր գներին կտիրապետի: Միասին հաշվարկեցինք, որ գների բարձրացումը մոտավորապես 1.5-ից 2 անգամ է լինելու, 6 անգամի մասին խոսք լինել չի կարող», - լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն՝ անդրադառնալով հագուստի և կոշիկի առևտրով զբաղվող տնտեսվարողների հետ հանդիպմանը, ներմուծվող ապրանքի մաքսային գներին և այսօրվա բողոքի ակցիային:
Հիշեցնենք, որ տնտեսվարողներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել նախ կառավարության, ապա ՊԵԿ-ի ու Արարատյան մաքսատան մոտ: Նրանք դժգոհում էին հագուստի մաքսազերծման մեթոդների փոփոխությունից: Արդյունքում, ասում են, որ ապրանքի մաքսային արժեքը զգալի ավելանում է:
Ի պատասխան ցուցարարների դժգոհություններին՝ Ներսիսյանը նշեց, որ ապրանքի բաղադրությունից կախված ապրանքի գինը չի փոխվում: Մեկ այլ դժգոհության վերաբերյալ էլ, թե 7 տաբատ պակաս հայտարարագրելու համար ներմուծողը տուգանվել է՝ ՊԵԿ ներկայացուցիչն ասաց.
«Եթե 20 հատ տաբատից 7-ը չի հայտարարագրվել՝ այո՛, դա արձանագրության ենթակա է, բայց եթե 3 տոննա տաբատի մեջ 7-ը չի հայտարարագրվել… Մենք հիմա օրենսդրական փոփոխություն ենք ուզում ներկայացնել, որ ոչ միտումնավոր չնչին շեղումների դեպքում չտուգանվեն»: