09/09/2020 22:33
Առաջին անգամ եմ արժանանում պետական այս մակարդակի ուշադրության և պարգևի. Լևոն Աթոյանցին շնորհվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալ
Այսօր վաստակաշատ արվեստագետ, կինոօպերատոր Լևոն Աթոյանցի ծննդյան 90-ամյակն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հոբելյարը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, որն այսօր երեկոյան դրամական պարգևի հետ նրան են հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և տեղակալ Արա Խզմալյանը։ Այս մասին նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Շնորհակալություն հայտնելով պարգևի և գնահատանքի համար՝ Աթոյանցը նշել է.
«Կյանքիս 90 տարիների ընթացքում ես վերջապես փոփոխություն եմ տեսնում. առաջին անգամ եմ արժանանում պետական այս մակարդակի ուշադրության և պարգևի»։
Նա նաև կատակել է, թե այսօրվանից սկսում է իր 100-ամյակի գլխավոր փորձը։
Շնորհավորելով պատկառելի հոբելյանի կապակցությամբ և բարձր գնահատելով արվեստագետի վաստակը հայ կինոյի պատմության մեջ ու նրա մտավորականի կեցվածքը՝ նախարար Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ երիտասարդ մասնագետների մի քանի սերունդ պրոֆեսիոնալ հմտությունները ձեռք է բերել նրա ջանքերի, անշահախնդիր նվիրման շնորհիվ։
Շնորհավորելով հոբելյարին՝ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել արժանապատիվ քաղաքացու օրինակելի կերպարի, մտավորականի արժանապատիվ կեցվածքի համար և ընդգծել նրա` արվեստագետին բնորոշ ազատությունը, անսահման կենսասիրությունն ու հումորի անսպառ զգացումը։