09/09/2020 12:23
Տարածաշրջանում էն վիճակը չի, որ մենք ներսում ինչ-որ խաղեր տանք. Սամվել Բաբայան
Անընդհատ ներկայացվում է, թե անվտանգության խորհուրդը երկրորդ իշխանություն է, դա չի կարող լինել, Արցախի Հանրապետության ԱԺ-ում այսօր պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը։
«Ե՛վ օրենսդրորեն չի կարող լինել դա, և՛ դրա կարիքը չկա, որովհետև մենք նախագահի հետ համաձայնությամբ ենք բոլոր հարցերը քննարկում և որոշումներ կայացնում։ Մենք այն վիճակում չենք, որ կարողանանք մեզ թույլ տալ այդպիսի շռայլություն, որ իրար հետ ինչ-որ մրցավազքի մտնենք։ Տարածաշրջանում էն վիճակը չի, որ մենք ներսում ինչ-որ խաղեր տանք։ Մենք գնում ենք զուտ ստորագրված հուշագրի ծրագրի շրջանակով», - ասաց Բաբայանը։
ԱԽ քարտուղարն ասաց, թե ոչ կադրային քաղաքականությամբ են զբաղվում, ոչ էլ՝ այլ հարցերով.
«Նորմատիվային ակտերն ենք վերանայում՝ բյուջե կազմելու։ Մենք վերահսկողական ֆունկցիա ունենք, բայց դրանով չենք զբաղվում»։
Բաբայանի խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում խոսակցությունները, որ իրենք նախարարություններում կրճատումներ են անում։
«Իրականությունը դա չի, այլ այն, որ եթե նախարարը չի կարողանում հիմնավորել, թե իր կադրը տվյալ բաժնում 5 ժամ ինչով է զբաղված, ուրեմն նրան պետք է ազատի աշխատանքից», - ասաց նա: