09/09/2020 12:27
Դատարանն ամբողջությամբ հանդես է գալիս մեղադրանքի կողմում, դատախազների առարկությունը դիտարկում որպես վետո. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան (Տեսանյութ)
Դատարանն ամբողջությամբ հանդես է գալիս մեղադրանքի կողմում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
«Այսինքն, այնպիսի հստակ տպավորություն կա, որ դատախազները այս գործով քննարկվող հարցերի վերաբերյալ ունեն վետոյի իրավունք, այսինքն, եթե իրենք առարկում են որևէ առաջարկի կամ միջնորդության դեմ, ապա իրենց առարկությունը դատարանը դիտարկում է որպես վետո, որից հետո ինքն այևս անընդունակ է որևէ այլ որոշում կայացնել, քան այն, ինչ արտահայտել են մեղադրողները»,- ասաց Ալումյանը։
Նա նշեց, թե այս ամբողջ ընթացքում միակ միջնորդությունը, որը դատարանը բավարարել է, բացի ընդմիջում հայտարարելու մասին միջնորդություններից, այն էր, երբ Սեյրան Օհանյանին թույլատրվեց կարճ ժամանակով բացակայել Հանրապետությունից։
«Յուրաքանչյուր միջնորդությունից հետո դատախազները առարկում են, դատախազների առարկությունը խնդիր չէ, դատախազները պիտի առարկեն ու առարկում են, խնդիրն այն է, որ դատարանը դատախազների առարկությունն իր համար դիտարկում է որպես վետո», - ասաց Քոչարյանի փաստաբանը։