09/09/2020 13:26
Ի՞նչ իմանամ ապրանքի որակը, եթե այն տեսել եմ նկարով. հագուստ ներմուծողները դժգոհում են նոր պահանջներից
«Բերածս ընդամենը 34 կգ բեռ է, որը 12 օրվա ընթացքում հազիվ հավաքել եմ օնլայն եղանակով: Ապրանքը պատվիրել եմ՝ ռիսկի դիմելով, որովհետև հաճախ նկարում առկա ապրանքի տեսքը չի համապատասխանում իրական ապրանքի տեսքին: Այս ամենը թողնենք մի կողմ: Հիմա եկել-հասել եմ մաքսային, ինձ ասում են՝ բեռը չեմ կարող մաքսազերծել, որովհետև պետք է ներկայացնեմ ապրանքի որակը: Ի՞նչ իմանամ ապրանքի որակը, եթե այն տեսել եմ նկարով», - լրագրողներին խնդիրը ներկայացրեց հագուստ ներմուծողը՝ նշելով, որ պահեստում ապրանքը բացել է, դասավորել փոշոտ հատակի վրա, որպեսզի ծանոթանա դրանց:
Այս ամենը նոր փոփոխության պահանջն է: Հագուստի մաքսազերծման մեթոդների փոփոխություն է եղել, որի համաձայն, այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, հաշիվ ապրանքագրում պետք է նշված լինի ապրանքի ստույգ քանակը, գինը, անվանումն ու մոդելը։ Ինֆորմացիայի թերի հայտարարագրումը կբերի վարչարարության կիրառման: Փոփոխության արդյունքում, ներմուծողներն ասում են, որ ապրանքի մաքսային արժեքն ավելանում է:
Խնդիրը նրանց բերել է կառավարություն: Դժգոհում են ու նախկին պայմանները պահանջում:
«Փաշինյանը խոսատցել էր, որ հավաքական բեռներ ներկրողները, փոքր և միջին ձեռնարկատերերը արտոնություններ ունեն, որ կիլոգրամով կմաքսազերծեն՝ արժեքը 3 դոլար 25 ցենտ: Բարի, ամեն ինչ անում էինք: Հիմա փաստի առաջ ենք: Իմ 1 կգ ապրանքի արժեքը կազմելու է 11 դոլար», - նշեց նա: