12/09/2020 13:54
«Շատ բան չենք կարող ասել». Փաշինյանն՝ Ադրբեջանում գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կնոջը (Տեսանյութ)
Սյունիքի մարզում «Սպարապետի օրվան» նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտեցավ Ադրբեջանում գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինը:
«Ես Նարեկ Սարդարյանի կինն եմ, ուզում էի հարցնել ձեզ՝ ինչ տեղեկություններ ունեք, ես ոչ մի տեղեկություն չունեմ Նարեկից», - ասաց Սարդարյանի կինը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե, ցավոք սրտի, շատ բան չի կարող ասել։
«Դժբախտաբար, ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ՝ հակառակորդի: Պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել», - ասաց վարչապետը։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ արձագանքեց, որ կխոսի կնոջ հետ։
«Հեսա կխոսենք, ճանապարհին կխոսենք: Ես էստեղ եմ լինելու», - ասաց Տոնոյանը։
2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածեցնելիս անհետ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: ԱԱԾ-ն պարզել էր՝ Սարդարյանը կորած անասունները որոնելու հետևանքով մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:
Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ և աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցե խնդիրներ չի ունեցել: Սարդարյանն ունի ընտանիք և անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը: Ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։
Նարեկ Սարդարյանի իրավահաջորդի ներակայացուցիչ Արտակ Զեյնալյանը հայտնել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։