12/09/2020 14:38
«Մազալովան արդարության կողմնակից էր». հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ չեխ լրագրողի (Տեսանյութ)
Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ չեխ փաստաբան և լրագրող Դանա Մազալովայի, ով Հայաստանի ու Արցախի մեծ բարեկամն էր: Հոգեհանգստի կարգին մասնակցում էին Մազալովայի ընկերները, մտերիմները, գործընկերները: Նրանց բնորոշմամբ՝ Մազալովան արդարության կողմնակիցն էր: Ահա թե ինչից էր սկիզբ առնում նրա պայքարը: Հանուն արդարության նրա պայքարի արդյունքում էլ բացահայտվեց Խոջալուի դեպքերի վերաբերյալ Ադրբեջանի կեղծիքը:
Դանա Մազալովան հեղինակն է Այազ Մութալիբովի հետ հայտնի հարցազրույցի, որտեղ Ադրբեջանի նախկին նախագահը խոստովանում է, որ Խոջալուի ողբերգությունը ադրբեջանական ընդդիմության ձեռքի գործն է: 2010թ. գարնանը Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ էլ չեխ լրագրողը հաստատեց՝ Ադրբեջանն աշխարհին է ներկայացնում կեղծ կադրեր` Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ: Ըստ Մազալովայի, ադրբեջանցիների կողմից ներկայացված լուսանկարները, որոնք հրամցվում են որպես Խոջալուի ողբերգության կադրեր, չեն համապատասխանում ադրբեջանցի լուսանկարիչ Չինգիզ Մուստաֆաևի արած իրական լուսանկարներին:
Մազալովան տեսել է Չինգիզի նկարահանած նյութը, ինչի հիման վրա էլ ձևակերպել է Մութալիբովին ուղղված հարցերը:
Դանան ակտիվ դեր խաղաց չեխական լրատվամիջոցներում Արցախի խնդրի լուսաբանման հարցում։ Իսկ 1988-ի երկրաշարժի օրերին ոչ միայն չեխ և հայ ակտիվիստների հետ կազմակերպեց Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը, գրեց «Երկիր Արարատի ներքո» վավերագրական ֆիլմի սցենարը, այլև «Արմենիա» ակումբի հետ կազմակերպեց երկրաշարժից հետո որբ մնացած 80 հայ երեխաների հանգիստը Չեխիայում։
Հիշեցնենք, որ Դանա Մազալովան մահացել է սեպտեմբերի 4-ին՝ Պրահայում՝ 66 տարեկանում: