14/09/2020 14:25
Արման Նավասարդյանը պատմում է, թե ինչպես էին Հայաստանից իրեն սաստում, երբ դեսպան էր (Տեսանյութ)
Ես տեսա, որ ոչ մի փաստաթուղթ, այսպես ասած՝ ցուցում, Հայաստանից չեմ ստանում, այս մասին Aysor.am-ի «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով 1993 թվականին Արցախում ռազմական գործողություններին զուգընթաց հայկական դիվանագիտության աշխատելաոճին, ասել է այդ տարիներին ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
«Հայաստանից ինձ ոչ մի բան չէր գալիս, որպեսզի ես հասկանայի, թե ինչ պետք է անեմ։ Գիտեք՝ դեսպանի համար առաջինը կենտրոնի ցուցումներն են, որ նա այսպես պետք է անի, այսպես չպետք է անի, սրա վրա պետք է ուշադրություն դարձնի և այլն։ Սա ընդունված այբբենական ճշմարտություն է։ Այդ տարիներին կապն էլ վատն էր, ոչինչ չկար, ես գրեթե դատարկ տեղի վրա էի գնացել, առանց փողի, առանց հնարավորությունների։ Երբ անգամ հեռախոսով կապվելու հնարավորություն էր լինում, ինձ ասում էին՝ հանգիստ նստի։ Դա ասվում էր արտաքին գործերի նախարարությունից, ես գիտեմ, որ դա գալիս էր նախագահական ապարատից, հետո ես հասկացա, թե ով է այնտեղ, այսպես ասած՝ ուղղորդում։ Դրվածքն այսպես էր՝ ընդհանրապես ոչ մի նախաձեռնություն չցուցաբերել և որդեգրել կրավորական դիրքորոշում»,- ասել է Արման Նավասարդյանը։
Հարցին, թե իր համար արդյոք պարզ էր հայկական կողմի նման դիրքորոշման պատճառը և արդյոք չէր ընդվզում ինքը, արտակարգ և լիազոր դեսպանն ասել է.
«Ընդվզելը քիչ է, իհարկե, փորձում էի ինչ-որ բաներ անել, բայց դա շատ քիչ օգուտ էր տալիս, որովհետև դրվածքն այդպիսին էր՝ չցուցաբերել ակտիվություն: Հետո ես հասկացա, որ դա քաղաքական գիծ էր»։
Դեսպանի խոսքով՝ միայն 1994 թվականից հետո է որոշ խնդիրների վերաբերյալ պաշտոնական մակարդակում, արդեն մոտեցումների մասով, փոփոխություններ կատարվել։