14/09/2020 12:08
ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը չի տեսել իր մասին տրված բացասական խորհրդատվական կարծիքը
ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը չի տեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած խորհրդատվական կարծիքը, որը վերաբերում է իրեն։ Այդ մասին այսօր խորհրդարանում ասաց նա՝ լրագրողների հետ հանդիպմանը։
«Չեմ էլ կարող դրան ծանոթ լինել, որովհետև դա տրամադրվում է միայն ընտրություն կատարող անձանց։ Դրան ծանոթ եմ միայն այնքան, որքան տեսել եմ մամուլում», - ասաց Խունդկարյանը։
Իսկ մամուլում հայտնված տեղեկատվությունը, Խունդկարյանի խոսքով, այնպիսին է, որ իր մոտ խիստ կասկածներ է առաջացնում, թե արդյոք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կարող էր նման որակի վերլուծություն լինել։
Նա նշեց, որ, օրինակ, իրեն մեղադրում են «Ա1+» հեռուստաընկերության փակման մեջ, այդ մարդիկ արդյոք կարդացել են Եվրոպական դատարանի համապատասխան վճիռը։
«Իսկ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռում դատավորի գործողությունների մասով որևէ բացթողում չի արձանագրվել, հակառակը, ֆիքսվել է, որ արդար դատաքննության իրավունքի որևէ խախտում տեղի չի ունեցել», - ասաց Երվանդ Խունդկարյանը։
Նշենք, որ մամուլում հրապարակում էր եղել, թե Խունդկարյանի հետ կապված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական խորհրդատվական կարծիք է տվել, որն, ըստ հրապարակման, ազդելու է թեկնածուի ընտրության վրա խորհրդարանում։