15/09/2020 16:52
Կա՛մ գումարները եղել են՝ տեղ չեն հասել, կա՛մ՝ գումարները չեն եղել, որովհետև չկան աշխատատեղեր. Տիգրան Ուրիխանյանը՝ «1000 դրամների» հիմնադրամի մասին (Տեսանյութ)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում տեղի է ունենում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դեմ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի գործադիր տնօրենի ներկայացրած հայցի առաջին նիստը։
Հիշեցնենք՝ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետին ԱԺ-ում հարց էր տվել, թե եթե հայտարարվում է, որ երկում 60 հազարից ավելի աշխատատեղ է բացվել, այդ դեպքում ինչո՞ւ համապատասխան քանակով 1000-ական դրամներ չեն փոխանցվում Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հաշվին։
«Իմ դեմ հայց է ներկայացվել՝ պահանջով, որ ես հերքեմ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը, զրպարտությունը։ Ինձանից պահանջում են հերքել «Ժողովրդի փողը գողացողը պետք է պատասխանատվություն կրի» արտահայտությունը։ Այս ամենը հետապնդում է այն քաղաքական գործչի նկատմամբ, որը փորձում է բոլոր հնարավոր ձևերով, թևերը քշտած աջակցել ՀՀ-ում բաց, թափանցիկ,պետական միջոցների գոյացման և դրա բաշխման մեթոդաբանությանն ու ճանապարհներին», - դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Ուրիխանյանը։
Նշենք, որ Ուրիխանյանը վերոնշյալ հանձնաժողովի անդամ էր, և պնդում է, որ չերևացող գումարի մասին բարձրաձայնելուց հետո կառավարությունը որոշեց իրեն հանել այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից։
«Կա՛մ գումարները եղել են՝ տեղ չեն հասել, կա՛մ՝ գումարները չեն եղել, որովհետև չկան աշխատատեղեր։ Երրորդ տարբերակ ես չեմ կարողանում գտնել», - հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը։