15/09/2020 12:09
Առանց կրթության հնարավոր է վարչապետ դառնալ, բայց առանց կրթության հնարավոր չէ պետությունը կառավարել. Արսեն Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)
Քիչ է լինում, որ համաձայն եմ լինում Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերին։ Այդ քչերից մեկն էլ այն է, որ առանց կրթության հնարավոր է «յաշիկ Մերսեդես» գնել, բայց առանց կրթության հնարավոր չէ այդ Մերսեդեսը ստեղծել։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը:
«Ավելին՝ առանց կրթության հնարավոր է վարչապետ դառնալ, բայց առանց կրթության հնարավոր չէ պետությունը կառավարել։ Տարիների պատմությունն այս երկու թեզերն էլ ապացուցել են», - գրել է Բաբայանը:
Այսօր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ: «Մտածեցի, որ մեր երեխաները հիմա շատ քննադատաբար են վերաբերվում ամեն ինչին ու նա, ով քննադատաբար է վերաբերվում, այս նախադասությունը իր մեջ վերլուծելով, օրինակ, կարող է արձագանքել այսպես՝ «առանց կրթության հնարավոր է G կարգի, կամ ինչպես ժողովրդի մեջ են ասում «յաշիկ մերսեդես» առնել» ու, այո, կարող է այս նախադասությունը գոյություն ունենալ», - ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ եթե հնարավոր է առանց կրթության ձեռք բերել G կարգի մերսեդես, ապա առանց կրթության հնարավոր չէ ստեղծել G կարգի մերսեդես։