15/09/2020 19:14
ԼՂ հարցի ռազմական լուծումը նշանակում է բախում և պատերազմ տարածաշրջանում, տոտալ ապակայունություն. Մնացականյան
Ռազմական լուծման տարբերակը նշանակում է բախում և պատերազմ տարածաշրջանում, տոտալ ապակայունություն: Լեռնային Ղարաբաղի շուրջ հարևան Ադրբեջանի հետ լարվածությունը չի նվազում, EFE-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նա «շատ վտանգավոր» որակեց հուլիսի կեսերին տեղի ունեցածը, երբ երկու երկրների սահմանին՝ Տավուշի մարզում, տեղի ունեցան ռազմական գործողություններ, որոնց ընթացքում զոհվեցին շուրջ 20 զինծառայողներ և քաղաքացիական անձինք:
«Թիրախավորում էին ոչ միայն մեր դիրքերը, այլև՝ քաղաքացիական բնակչությանը: Չորս օրերի ընթացքում հետ էինք մղում գրոհները և սանձում ագրեսիան», - հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը:
Նա կարծում է, որ գրոհների շարժառիթն իր բնակչության շրջանում «հակահայկական ոգին» սերմանելու և «ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու»՝ Ադրբեջանի ղեկավարության ցանկությունն է:
«Միգուցե փորձարկում էին մեր զինված ուժերի պաշտպանությունն այդ դիրքերում: Մենք շահագրգիռ չենք, որ լինի ռազմական էսկալացիա», - նշեց ՀՀ ԱԳ նախարարը:
Այս առնչությամբ Մնացականյանը հավաստիացնում է, որ Հայաստանի կառավարությունը միշտ «շատ հստակ» է եղել:
«Չկա խնդրի ռազմական լուծում: Ռազմական լուծման տարբերակը նշանակում է բախում և պատերազմ տարածաշրջանում, տոտալ ապակայունություն: Եվ դա տարբերակ չէ», - վստահեցնում է Զոհրաբ Մնացականյանը և ընդգծում, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղն ունեն պաշտպանվելու «բավարար կարողություն»:
«Համավարակի ընթացքում բոլորս, նաև՝ Լեռնային Ղարաբաղը, պահպանել ենք հրադադարը: Ադրբեջանը չարեց դա: Հայաստանը շարունակում է լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը: Հայաստանն ունի պաշտպանվելու և Ադրբեջանին հակադարձելու բավարար կարողություններ», - վստահեցրեց ՀՀ ԱԳ նախարարը: