16/09/2020 14:37
«Ձախողումների շքերթ է». «Լուսավոր Հայաստան»-ը պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը (Տեսանյութ)
Ազգային ժողովում այսօր ներկայացվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցադրումն՝ ուղղված ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Պայմանավորված նաև այն իրավիճակով, ինչ տիրում է Հարությունյանի համակարգած ոլորտներում, ԼՀԿ համապատասխան նախաձեռնությամբ իրականացվելու է քվեարկություն Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով», - ասաց նա։
Դավիթ Խաժակյանը նշեց, թե Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումից առ այսօր բոլոր ոլորտներում ձախողումների շքերթ է։
«Կրթության ոլորտում հեղափոխություն չկա ու մենք անհրաժեշտ ենք գտել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը ու, եթե «Իմ քայլը» խմբակցությունը չի առաջնորդվում մեկ կենտրոնից հնչող տեսակետներով, այլ, իսկապես, գնահատում է ոլորտի ձախողումները, ապա, այդ դեպքում, պետք է համաձայնի ու հրաժարականը տեղի ունենա», - ասաց Խաժակյանը։
Նա ասաց, եթե Արայիկ Հարությունյանի փոխարեն լիներ ոչ կուսակցական, ապա նա մի քանի անգամ արդեն հրաժարական ներկայացրած կլիներ։
Խաժակյանն ասաց նաև, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ չի լինի, քանի որ Նիկոլ Փաշինյանն է այդպես ուզում, մինչդեռ, նրա խոսքով, ոլորտի մասնագետները շարունակում են տառապել։