16/09/2020 19:52
Մերժում ենք Արայիկ Հարությունյանին և քաոսը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում. ՀՅԴ երիտասարդական միություն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում մենք չունենք պետական ռազմավարություն, ունենք քաոս և կառավարման ճգնաժամ. ՀՅԴ ՀԵՄ կազմակերպած ակցիայի ժամանակ հայտարարեց երիտասարդական միության ներկայացուցիչ Արգիշտի Գևորգյանը։
«Չունենք որևէ համակարգային բարեփոխման հույս անգամ, փոխարենն ունենք ոչինչ անել չկարողացող, անգրագետ, հակագիտական, անպատասխանատու հայտարարություններ անող, ազգայինն ու առաջադիմականը հակադրող Արայիկ Հարությունյան։ 2 տարվա ընթացքում նույն կարմիր թելը մենք տեսնում ենք ԿԳՄՍ ոլորտներում վարվող քաղաքականությունում», - հայտարարեց Ա. Գևորգյանը։
Նա նշեց, թե այս պահին նախարարի պաշտոն է զբաղեցնում մեկն, ով ոչ միայն անկարող է լուծել որևէ խնդիր, այլև՝ անընդհատ ստեղծում է նոր ճգնաժամեր.
«Նա չունի տեսլական, նրա կողմից իրականացվող քաղաքականությունը հակասում է հայկական պետականության շահերին։ Մենք մերժում ենք Արայիկ Հարությունյանին և քաոսը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում»։
Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ակցիան մեկնարկել է Մատենադարանի հարակից տարածքում։ Ակցիայի մասնակիցները երթով գնում են դեպի ԿԳՄՍ նախարարություն։